ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ֆինանսական օգնությունը դադարեցնել այն երկրներին, որ կողմ կքվեարկեն Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը դատապարտող ՄԱԿ-ի բանաձևին։ «Նրանք մեզնից վերցնում են հարյուր միլիոններ ու նույնիսկ միլիարդներ ու մեր դեմ են քվեարկում» հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին։ «Թող քվեարկեն։ Մենք կխնայենք մեր փողերը: Մեզ համար մեկ է»` եզրափակել է նախագահը։ Նրա սպառնալիքը հնչել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից առաջ, որտեղ քննարկվելու էր` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը։ Բանաձևի նախագծում ԱՄՆ-ի անունը չի տրվում, նշվում է, որ Երուսաղեմի հարցով բոլոր որոշումները պետք է բեկանվեն։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է իրեն տեղեկացնել, թե ով է ԱՄՆ-ի դեմ քվեարկել հինգշաբթի օրը։ «Նախագահը ուշադիր հետևելու է քվեարկությանը և խնդրել է ինձ հաղորդել` որ երկրներն են մեր դեմ քվեարկելու։ Մենք բոլոր քվեարկությունները գրանցելու ենք»` ասել է Նիկի Հեյլին։ Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալիկը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին մեղադրել են շանտաժի մեջ։ «Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ը մենակ է մնացել ու հիմա սպառնալիքների է դիմում։ Սեփական արժանապատվության զգացում ունեցող ոչ մի երկիր չի կարող այդ ճնշմանը տեղի տալ»` հայտարարեց Չավուշօղլուն Մալիկի հետ համատեղ մամլո ասուլիսում Նյու Յորք մեկնելուց առաջ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը կտրականապես մերժում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի քվեարկությունը։ «Ճանաչի ՄԱԿ-ը, թե ոչ՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Անհրաժեշտ էր 70 տարի, որ ԱՄՆ-ը ճանաչեր պաշտոնապես, և պետք կլինեն ևս տարիներ, որ ճանաչի ՄԱԿ-ը: Իսրայելի հանդեպ վերաբերմունքը շատ երկրների մոտ փոխվում է ՄԱԿ-ի պատերից դուրս, որը ստի տուն է»,- ասել է Իսրայելի վարչապետը: Իսրայելը չի ճանաչում ՄԱԿ-ի բանաձևն ու կշարունակի շինարարությունը Երուսաղեմի տարածքում: «Մենք կտրականապես մերժում ենք այդ բանաձևը մինչև քվեարկության սկսվելը: Երուսաղեմը մեր մայրաքաղաքն է, մենք շարունակելու ենք շինարարությունն այնտեղ, և այլ երկրների դեսպանատները կտեղափոխվեն Երուսաղեմ»,- ասել է Նեթանյահուն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը ներկայացնելիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացավ, որ կկատարվեն հարկային բարեփոխումներ։ Համայնքների պալատը երկրորդ քվեարկությամբ ընդունեց հարկային բարեփոխումը` կողմ էին 224-ը, դեմ` 201-ը։ Նախօրեին Սենատն էր համաձայնություն տվել։ Հարկային նոր քաղաքականությանը դեմ էին դեմոկրատները: Սենատում փոքրամասնության ղեկավար Չակ Շումերը զգուշացնում էր հանրապետականներին, որ «արգահատելի օրենքի» համար դեռ կվճարեն 2018-ի ընտրություններում։ Օրենքը նախատեսում է կորպորատիվ հարկը 35 % -ից նվազեցնել 20 %-ի անժամկետ, ԱՄՆ ընկերությունների արտասահմանյան շահույթն ընդհանրապես առաջարկվում է չհարկել։
Եկամուտների տարբեր մակարդակներ ունեցող ամերիկացիների մեծ մասին հարկային նվազում է սպասում մինչև 2026-ը։ Օրինագծի հակառակորդները նշում են, որ նոր օրենքը չի բեկանում պարտադիր ապահովագրավճարը, որ նախատեսված էր Obamacare-ով հարկատուների մեծամասնության համար։ Կոնգրեսի բյուջեի վարչության հաշվարկներով` օրենքը կմեծացնի ապահովագրավճարները և 13 միլիոնի առանց ապահովագրության կթողնի 2027-ին։ Հարկային բարեփոխումը Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից էր։ Փաստացի` առաջին տարվա ավարտին միլիարդատեր նախագահն իր ընտրողներին ու հատկապես իրեն չընտրածներին կարող է թվարկել` իր խոստումներից քանիսն է կատարել ու քանիսն են ընթացքի մեջ։ Իսկ թե աշխարհում ի՞նչ է կատարվում նրա խոստումների կատարումից հետո, երկրորդական է, երբ սկզբունքն է «Նախ և առաջ ԱՄՆ»-ը։